Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ալերգոլոգիա

Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր

Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր

Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում, օդը տառացիորեն լցվում է դրանցով:

 

Ծաղկափոշին անվտանգ է, սակայն որոշ մարդկանց իմուն համակարգը սխալմամբ սկսում է գրոհել օրգանիզմ ներթափանցած փոշու մասնիկների դեմ: Հիմնականում տուժում են աչքերը և քիթը, քանի որ դրանց մակերևույթները շատ զգայուն են, և ծաղկափոշու ներթափանցումից պաշտպանված չեն: Արդյունքում զարգանում է բորբոքում, առաջանում են արցունքահոսություն, քթահոսություն և ալերգիայի այլ ախտանիշներ:


Փաստացի, ծաղկման սեզոնն սկսվում է արդեն մարտին: Ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին սկսվում է կեչու, լաստենու և պնդուկենու ակտիվ ծաղկման շրջանը: Հունիս-հուլիսին ծաղկում են մարգագետնային, ապա մոլախոտային բույսերը: Օգոստոս-սեպտեմբերն օշինդրի ծաղկման շրջանն է: Ծաղկափոշու նկատմամբ ալերգիան կամ պոլինոզը կարող է դրսևորվել մեկ բույսի կամ բոլորի նկատմամբ: Դրանով պայմանավորված` հիվանդագին վիճակի տևողությունը կարող է տատանվել 2-3 շաբաթից մինչև 4 ամիս: Իհարկե, շատ բան կախված է եղանակից. ցրտի և հաճախակի անձրևների դեպքում ալերգիկներն իրենց ավելի լավ են զգում, իսկ շոգ և չոր եղանակին պոլինոզի բոլոր ախտանիշները սրվում են:

 


Սեզոնային ալերգիայի ախտանիշները երեխաների մոտ


Երեխաների մոտ ալերգիկ ռինիտի բնորոշ ախտանիշներից է «ալերգիկ հրավառությունը». երեխան քթի ծայրը տրորում է ներքևից վերև՝ քորը նվազեցնելու նպատակով: Փոքր երեխաները հաճախ չեն կարողանում քիթը դատարկել, քթով ֆսֆսացնում են, հազում են, փորձում են մաքրել կոկորդը:


Փորձելով կոկորդը լեզվարմատով «քորել»՝ երեխան չըպպացնող ձայն է արձակում: Հաճախ զարգանում է բերանով շնչելու սովորություն` քիթը մշտապես լցված լինելու պատճառով: Քանի որ երեխաները միշտ չեն հասկանում՝ ինչ է ալերգիան և ինչպես է այն ազդում մարդու վրա, նրանք հաճախ համբերում, հարմարվում են ախտանիշներին, նույնիսկ, եթե դրանք խիստ արտահայտված են: Դրա հետևանքով նրանց կյանքի որակը վատանում է: Օրինակ, ալերգիայով երեխաները հաճախ չեն կարողանում կենտրոնանալ դպրոցում, զբաղվել սպորտով, երեխան չի կարողանում բացատրել, թե ինչն է նրան տանջում, սակայն ախտանիշները երկարաձգվում են կամ տարեցտարի կրկնվում են նույն ամիսներին:


Մինչև երկու տարեկան երեխաները, որպես կանոն, չեն տառապում սեզոնային ալերգիաներով, սակայն վերջին տարիներին տեղային ալերգիկ ռինիտ ախտորոշվում է նույնիսկ նորածինների մոտ:


Որո՞նք են ալերգիայի և COVID-19-ի տարբերությունները


Ալերգիան կամ պոլինոզը մարդու օրգանիզմ օտար նյութերի, ալերգենների ներթափանցման նկատմամբ իմունային համակարգի պատասխանն է: Ալերգիկ ռեակցիան միշտ անհատական է և պայմանավորված է նրանով, թե որտե՞ղ և ի՞նչ քանակությամբ է ներթափանցել ալերգենը: Ախտանիշները կարող են զարգանալ մարմնի ցանկացած հատվածում` մի քանի րոպեից մինչև մի քանի օրվա ընթացքում: Յուրաքանչյուր օրգանիզմ դրանց ներկայությանը տարբեր ձևով է արձագանքում. մեկը կարող է ոչ մի նշան չնկատել, մյուսի մոտ հնարավոր է քթի լցվածություն, հազ, քոր, դժվարացած շնչառություն և այլն: Դրանք հնարավոր է հեշտությամբ շփոթել սուր շնչառական վարակիչ հիվանդությունների, այդ թվում` COVID-19-ի դրսևորումների հետ:


Կարևոր տարբերություններից է այն, որ ալերգիկ ռեակցիայի դեպքում օրգանիզմի ջերմությունը պահպանվում է նորմայի սահմաններում: Որպես կանոն, նշված ախտանիշները վերանում են հակահիստամինային պատրաստուկների կիրառման դեպքում:

 


Ամենատարածված միֆերը ալերգիայի մասին


Միֆ №1. պոլինոզն առաջանում է բարդու մանրախավից:


Բարդու մանրախավը հազվադեպ է ալերգիկ ռեակցիա առաջացնում: Գլխավոր վտանգը ալերգեն բույսերի ծաղկափոշու և սպորների տարածումն է: Դրանց թվին են պատկանում.

 

  • ծառերը և թփերը (կեչի, լաստենի, պնդուկենի, ուռենի, կաղնի, շագանակենի, բարդի, հացենի, կնձենի),
  • հացահատիկային խոտաբույսերը (սիզախոտ, ոլոռնախոտ, շյուղախոտ, աղվեսագի, դաշտավլուկ, սեզ, աշորա, ցորեն),
  • մոլախոտերը (սագախոտ, ամբրոսիա, կանեփ, եղինջ, օշինդր):
 

Միֆ №2. պոլինոզը սրվում է գարնանը, երբ շուրջն ամեն ինչ ծաղկում է:


Կախված նրանից, թե որ գոտում եք ապրում, պոլինոզի ախտանիշները կարող են դրսևորվել ինչպես գարնանը, այնպես էլ ամռանը (և նույնիսկ` աշնանը): Յուրաքանչյուր ալերգիկ պետք է իմանա իր համար ալերգեն բույսերը և դրանց ծաղկման շրջանները:


Միֆ №3. ալերգիան ժառանգական հիվանդություն է:


Ալերգիկ հիվանդության զարգացման մեջ ժառանգական նախատրամադրվածությունը քիչ դեր չի խաղում: Ռիսկը մեծանում է, եթե ընտանիքում մեկն արդեն տառապում է ալերգիայով: Եթե երկու ծնողներն ալերգիկ են, ապա նրանց երեխայի` ալերգիա ունենալու հավանականությունը մեծանում է մինչև 70-80%: Սակայն նույնիսկ եթե հարազատներից որևէ մեկը ալերգիկ չէ, երեխայի ալերգիկ լինելու ռիսկը կազմում է 15-20%, ինչը պայմանավորված է էկոլոգիական վիճակի խանգարմամբ, ընդունվող սննդի որակով, վերջինիս մեջ կոնսերվանտների մեծ քանակությամբ, դեղորայքի ոչ ռացիոնալ և չվերահսկվող ընդունմամբ, որոնք հանգեցնում են իմունային համակարգի վիճակի փոփոխության:

 


Միֆ №4. եթե փոքրուց ալերգիա չի եղել, նշանակում է` չի էլ լինի


Հաճախ ալերգիայի առաջին նշաններն ի հայտ են գալիս 5-20 տարեկանում: Սակայն դրանք կարող են դրսևորվել նաև մեծ տարիքում` կապված մարդու այլ կլիմայական գոտի տեղափոխվելու հետ, որտեղ դիտվում է ալերգեն բույսերի ծաղկունք:


Միֆ №5. ալերգիան հաճախակի փռշտոցն է և արցունքահոսությունը:


Անկասկած, պոլինոզի ամենահաճախակի դրսևորումը քթի քորն է, քթահոսությունը, փռշտոցը (այսպես կոչված` ալերգիկ ռինիտ), արցունքահոսությունը, աչքերի կարմրածությունը (ալերգիկ կոնյուկտիվիտ): Ալերգիկների մոտ կարող է հանկարծակի հազ առաջանալ, շնչառության դժվարացում, հևոց. դա վկայում է սկսվող ծաղկափոշային բրոնխիալ ասթմայի մասին: Պոլինոզի ժամանակ հնարավոր են մաշկային դրսևորումներ՝ եղնջացանի, Կվինկեի այտուցի, տարբեր դերմատիտների, բշտիկների, մաշկային քորի ձևով: Հազվադեպ ի հայտ է գալիս միզասեռական (վուլվովագինիտ, ուրետրիտ, ցիստիտ, նեֆրիտ), ստամոքս-աղիքային  (սրտխառնոց, փսխում, ցավեր` որովայնում) համակարգերի ախտահարում:


Միֆ №6. ալերգիայից բուժվել հնարավոր չէ:


Հակաալերգիկ դեղերի մեծ մասն ուղղված է հիվանդության ախտանիշների վերացմանը և ոչ` պատճառների բուժմանը: Ներկայում ԱՍԻԹ (ալերգեն-սպեցիֆիկ իմունաթերապիա) մեթոդը հիվանդության բուն պատճառը բուժող միակ եղանակն է, և բուժման կուրսն ավարտելուց հետո հիվանդության ախտանիշները վերստին չեն դրսևորվում, դիտվում է երկար, կայուն ռեմիսիա: ԱՍԻԹ-ի ընթացքում օրգանիզմի իմունային համակարգում տեղի են ունենում բարդ գործընթացներ, որոնց արդյունքում իմունային պատասխանը վերակարգավորվում է:

 
Միֆ №7. ալերգիան անվտանգ է և կարելի է ընդհանրապես չբուժել:


Ալերգիան պետք է անպայման բուժել, ընդ որում` ալերգոլոգ-իմունոլոգի հսկողությամբ: Ցավոք, շատ մարդիկ երկար տարիներ զբաղվում են ինքնաբուժմամբ՝ նույնիսկ չկասկածելով, որ պոլինոզի ոչ համարժեք բուժումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների` սինուսիտների (քթի հարակից խոռոչների բորբոքում), միջին օտիտի (միջին ականջի բորբոքում), ծաղկափոշային բրոնխիալ ասթմայի, քթի հարակից խոռոչներում` կիստաների, պոլիպների:

 


Միֆ №8. ալերգաբանական հետազոտությունը թանկ արժե:


Գրագետ մասնագետի համար բավարար է հանգամանորեն զրուցելը, կոնկրետ հարցադրումներ անելը և սեզոնային ալերգիայի կասկածի դեպքում ուղեգրելը` կատարելու անհրաժեշտ հետազոտություններ ու մի շարք թեստեր` կոնկրետ ալերգենները հայտնաբերելու համար: Դրա համար ենթադրվող ալերգենից մի կաթիլ քսում են մաշկի վրա և ասեղով քերծում մաշկը: Եթե այդ տեղում մաշկը կարմրում է և այտուցվում, նշանակում է ալերգենը հայտնաբերվել է: Արյան մեջ որոշվում են նաև կասկածելի ալերգենի նկատմամբ IgE սպեցիֆիկ հակամարմինները:

 

Հիպոալերգեն սննդակարգ


Պոլինոզով հիվանդների կեսից ավելին արձագանքում է այն սննդամթերքին, որը ալերգեն ծաղկափոշիների հետ ընդհանուր բնութագրեր ունի: Զարգանում է, այսպես կոչված, խաչաձև ալերգիկ ռեակցիա: Հենց այդ պատճառով պացիենտներին խորհուրդ է տրվում հետևել հատուկ հիպոալերգեն սննդակարգի:


Չի կարելի օգտագործել հացահատիկային շիլաներ, ձավարեղեն, հացի թեփ, հացաբուլկեղեն, երշիկեղեն, մսային պահածոներ, սոուսների պատրաստման համար չոր խառնուրդներ, մեղր և մեղվաբուծական արտադրանք, գարեջուր, վիսկի, ցորենի օղի, կվաս, ցորենի հիմքով` սուրճի փոխարինիչներ, կակաո, ելակ, ցիտրուսներ, սոյա, լոբի, գետնանուշ, եգիպտացորեն, թրթնջուկ, հացահատիկային ֆիտոպատրաստուկներ:

 

 


Հիպոալերգեն սննդակարգ` մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայով հիվանդների համար


Չի կարելի օգտագործել մեղր և մեղվաբուծական արտադրանք, արևածաղկի սերմեր և արևածաղկի ձեթ, մանանեխ, մայոնեզ, բանջարանոցային կուլտուրաներ (սեխ, ձմերուկ), դդմիկ, սմբուկ, լոլիկ, կարտոֆիլ, ալկոհոլ, թարխուն, կանաչեղեն և համեմունքներ, ճարճատուկ, ցիտրուսներ, բանան, սխտոր, գազար, ճակնդեղ, սպանախ:


Հիպոալերգեն սննդակարգ ծառերի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայով հիվանդների համար


Չի կարելի օգտագործել մեղր և մեղվաբուծական արտադրանք, կորիզավոր պտուղներ, խնձոր, տանձ, կիվի, ընկուզեղեն, գազար, կանաչեղեն, համեմունքներ, կոնյակ, գինի, կեչու հյութ, կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, սոխ:

 


Ինչպե՞ս անցկացնել գարունը. 20 օգտակար խորհուրդ ալերգիայի ժամանակ  

 

  1. Չոր, քամոտ օրերին ձգտեք մնալ տանը: Այդպիսի եղանակին օդում սավառնում է մեծ քանակությամբ ծաղկափոշի: Ընդհակառակը, անձրևից հետո այն զգալիորեն նվազում է, այդ պատճառով դա լավագույն ժամանակն է զբոսանքի կամ գնումների համար:
  2. Փողոց դուրս գալիս` դրեք արևապաշտպան ակնոց. այն մասամբ կպաշտպանի աչքերը գրգռող փոշուց:
  3. Մեքենայում, ընթացքի ժամանակ, փակեք պատուհանները՝ հատկապես քաղաքից դուրս ուղևորվելիս:
  4. Ընդհանրապես, ձգտեք ակտիվ ծաղկման շրջանում քաղաքից դուրս չգալ, քանի որ այնտեղ որոշ բույսերի և ծառերի ծաղկափոշու խտությունը զգալիորեն բարձր է: Բանջարանոցներում և այգիներում աշխատելու սիրահարներին խորհուրդ է տրվում հետաձգել այդ զբաղմունքը մինչև պոլինոզի սեզոնի ավարտը:
  5. Վերադառնալով տուն՝ փոխեք հագուստը և լոգանք ընդունեք: Մարմնի և հագուստի վրա մնում են ծաղկափոշու մանրագույն մասնիկները, որոնք նպաստում են ալերգիայի առաջացմանը:
  6. Լվացած հագուստը չորացրեք շինության ներսում: Չարժե դա անել փողոցում, որտեղ հնարավոր է ծաղկափոշի լինի, ինչը կարող է ալերգիա առաջացնել հագուստը կրելուց անմիջապես հետո:
  7. Տանը և մեքենայում օգտագործեք օդորակիչ: Գոյություն ունեն օդի համար հատուկ ֆիլտրեր, որոնք պահում են ալերգենները: Պարբերաբար տունը մաքրեք փոշեկուլով (դրա համար կան հակաալերգեն HEPA-ֆիլտրեր):
  8. Քնելիս փակեք ննջարանի պատուհանները:
  9. Հետևեք տնային կենդանիներին: Փողոցում զբոսնելիս նրանց մորթու վրա նույնպես կարող է կուտակվել ծաղկափոշի, որն իրենց հետ կբերեն տուն:
  10. Քնելուց առաջ լոգանք ընդունեք և լվացեք գլուխը: Դա թույլ կտա մաքրել մաշկը և մազերը` օրվա ընթացքում դրանց վրա նստած ալերգեններից. ալերգիայի գիշերային նոպաների հավանականությունը զգալիորեն կնվազի:
  11. Համաձայնեցնելով բժշկի հետ՝ սկսեք ընդունել առանց դեղատոմսի դեղորայք: Գարնանային ալերգիայի ժամանակ, սովորաբար, օգնում են հակահիստամինային դեղերը: Նախընտրելի է կիրառել 2-րդ և 3-րդ սերնդի միջոցներ (լորատադին, լևոցիտերիզին և այլն), քանի որ դրանք անվտանգ են, և հազվադեպ են քնկոտություն առաջացնում:
  12. Լվացեք քթի խոռոչը ֆիզիոլոգիական լուծույթով կամ թորած ջրով: Դա կթեթևացնի քթի լցվածությունը, կհեռացնի ալերգեններն ու լորձը:
  13. Գարնանային ալերգիայի դեմ պայքարելու լավագույն միջոցը ալերգեն-սպեցիֆիկ իմունաթերապիան է: Այն օրգանիզմին հնարավորություն կտա աստիճանաբար «հարմարվել» ալերգենին և կնվազեցնի ախտանիշների ծանրության աստիճանը: Այդպիսի ներարկումները պետք է կատարել կանխավ՝ նախքան ալերգիայի սեզոնի սկսվելը:
  14. Խուսափեք հոգեհուզական և ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություններից:
  15. Հնարավորության դեպքում մեկնեք փոշոտման այլ օրացույցով կլիմայական գոտի, ծովափ կամ լեռնային շրջան, որտեղ ծաղկափոշու խտությունը զգալի ցածր է: Արձակուրդը պլանավորեք՝ նախօրոք տեղեկանալով հանգստավայրի շրջանում ալերգեն բույսերի ծաղկման ժամկետների մասին:
  16. Պոլինոզի սրացման ժամանակ հետաձգեք պլանային վիրահատությունները, կանխարգելիչ պատվաստումները:
  17. Մի՛ կիրառեք դեղորայք, դեղաբույսր, կոսմետիկա, հոմեոպաթիկ պատրաստուկներ, եթե դրանց բաղադրության մեջ կան Ձեզ համար ալերգեն բույսերի հանուկներ:
  18. Միշտ Ձեզ հետ ունեցեք «Ալերգիկ հիվանդությամբ հիվանդի անձնագիր», որը կտա ալերգոլոգը հետազոտելուց և խորհրդատվությունից հետո: Անձնագրում կնշվի ալերգոլոգիական ախտորոշումը, ալերգենների սպեկտրը, ալերգենների հետ շփման վերացման միջոցառումների ցանկը: Անձնագրում նշվում է դեղորայքի ցանկը, որոնք պետք է լինեն Ձեզ մոտ՝ դեղատուփում, նշվում է նաև անաֆիլակտիկ շոկի ժամանակ միջոցառումների կարգը և դեղերի կիրառման հաջորդականությունը:
  19. Վարեք «Պոլինոզով հիվանդի օրագիր», որտեղ պետք է նշել ալերգիայի ախտանիշների դրսևորման և անհետացման ժամկետները, որքանով են դրանք արտահայտվել, ինչպիսի բուժում եք կիրառել՝ նշելով դեղաչափը և ընդունման հաճախականությունը:
  20. Պոլինոզի սրացման շրջանում անհրաժեշտ է հետևել հատուկ հիպոալերգեն սննդակարգի, որի բաղադրությունը պայմանավորված է պոլինոզի տեսակով:


https://the-challenger.ru, www.smdoctor.ru,
https://allergomed.ru, https://uromed.org,
https://planetazdorovo.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ